Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստծո անխոս ձայնը

Աստծո անխոս ձայնը
25.12.2018 | 00:34

Հասանք 2018-ի վերջին շաբաթին, երբ անխուսափելի է դառնում 2018-ի ամփոփումը: Համենայն դեպս, նրանց համար, որ մտադիր են ապրել Հայաստանում: Նաև նրանց, որ մտադիր չեն Հայաստան վերադառնալ: Կամ` մտադիր են Հայաստանից հեռանալ: Այս օրերին ամփոփումների ու վերլուծությունների պակաս չի լինելու, հատկապես հիմա` հետհեղափոխական ու հետընտրական Հայաստանում, որ պատրաստվում է 5 տարվա քաղաքականապես խաղաղ կյանքի: Խաղաղություն հազիվ թե լինի: Փաստացի` խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտում մեկ վերադասավորում արեցին` կուսակցությունները բաժանեցին խորհրդարանականի ու արտախորհրդարանականի: Ընդամենը: Իրական վերադասավորումը մնաց կյանքին ու իրադարձությունների ընթացքին:
Հայաստանում 10 տարին մեկ ցիկլ է փոխվում` 1988, 1998, 2008, 2018: Մեր կյանքի վերջին 30 տարիները անցել են բուռն փոփոխությունների մեջ: Բայց` արտաքին ու ձևական, իրական փոփոխություններ համարյա չեն կատարվել, ու դա Հայաստանի Հանրապետության ու միջին վիճակագրական հայի (նրանցից ոմանք դարձել են Հայաստանի հպարտ քաղաքացիներ) գլխավոր խնդիրն է: Այո, ԽՍՀՄ է փլուզվել, Հայաստանի անկախ հանրապետություն է ստեղծվել, 3 անգամ Սահմանադրություն ենք փոխել, խորհրդարանական կառավարումից անցել ենք նախագահականի, նախագահականից` կիսանախագահականի, կիսանախագահականից` խորհրդարանականի: 3 նախագահ ենք փոխել: 2018-ին միայն 5 անգամ վարչապետի ընտրություն ենք ունեցել` 2 անգամ ընտրել ենք ու 3 անգամ չենք ընտրել: Առաջին արտահերթ խորհրդանական ընտրություններն ենք արել (նախագահական արտահերթ ընտրություն միայն 1998-ին ենք ունեցել): Եվ այսքան բուռն իրադարձություններից հետո լիովին պիտի իրավունք ունենայինք ասելու` ցիկլ ենք փակում ու նորն ենք սկսում: Բայց այս անգամ այդ իրավունքը վերացական է: Կամ` պայմանական:


Այո, հեղափոխություն եղավ (կամ` իշխանափոխություն` ինչպես համարում է ՀՀԿ-ն, բայց չի բացատրում` ինչու՞ հանձնեց իշխանությունը), այո, արտահերթ ընտրություններ եղան ու նոր խորհրդարան ձևավորվեց: Ոմանք համարում են` նոր Հայաստանի նոր խորհրդարան: Ամբողջ խնդիրն այն է, որ 7-րդ գումարման խորհրդարանը հեղափոխության հետևանքներն արտահայտում է միայն ձևականորեն` ՀՀԿ մեծամասնությունը փոխարինվեց ՔՊ մեծամասնությամբ, երկրորդ քաղաքական ուժը մնաց ապաքաղաքական ԲՀԿ-ն, երրորդ քաղաքական ուժը դարձավ ըստ պահանջարկի տեսակետ փոխող (հետևաբար` անքաղաքական) ԼՀԿ-ն: Այս կտրվածքով` հաշվի առնելով նաև ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի մանդատների համամասնությունը, 7-րդ գումարման ԱԺ-ն չի տարբերվելու նախորդ գումարումների խորհրդարաններից` կառավարության բոլոր օրինագծերն անցնելու են միանշանակ: Իրենց ընդդիմություն հայտարարեն, թե չհայտարարեն` ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն որոշումների վրա ազդեցություն չեն ունենալու, օրինագծերի քննարկումն ու քվեարկումը չեն լինելու ոչ մրցակցային, ոչ սկզբունքային: Հետևաբար` ընդունված օրենքների որակի խնդիր ենք ունենալու, և խորհրդարանը խորհրդարանական հանրապետությունում ընդամենը կառավարության կցորդն է լինելու:


Խորհրդարանական հանրապետություններում օպտիմալ կառավարում ապահովվում է, երբ մեծամասնությունը 35-40 տոկոս է, միայն այդ դեպքում քաղաքական մյուս ուժերը կարող են լիարժեք մասնակցել պետության կառավարմանը` նաև լիարժեք պատասխանատվություն կրելով: Հայաստանում ՔՊ-ն իր 70 տոկոսով պատասխանատվության հարցը փակում է ի սկզբանե: Նույնիսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն սկզբունքային ու գաղափարական ընդդիմություն դառնան (որ բացառվում է), իրենց համատեղ 30 տոկոսով ապահովելու են տեսակետների բազմազանություն, որ կբարձրաձայնվեն (եթե բարձրաձայնվեն) ու կկախվեն օդում` շոյելով կողմնակիցների ականջները, ու` վերջ: Նույնիսկ այդ իրավիճակը կարելի էր համարել ընդունելի (ի վերջո` ժողովրդի ընտրությունն է), եթե ՔՊ-ն լիներ կայացած և ուժեղ կուսակցություն: Բայց հանեք ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանին, ու կուսակցությունը կորցնում է թե ազդեցությունը, թե վարկանիշը: Առանց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ԱԺ չէր մտնի ոչ արտահերթ, ոչ հերթական ընտրություններում: Այս իրավիճակում դա ոչ միայն ՔՊ-ի խնդիրն է, այլևս Հայաստանի Հանրապետության խնդիրն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի անձնական ձախողումը ստեղծում է ոչ միայն իշխանության վակուում, այլև քաղաքական ճգնաժամ: ՈՒ սա քաղաքական բայղուշություն չէ (ինչպես կանվաներ Նիկոլ Փաշինյանը), այլ իրավիճակի արձանագրում: Ի՞նչ է անում նախկին վարչապետ, վարչապետի պաշտոնակատար ու ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի վարկանիշը պահպանելու համար: Իր պատկերացմամբ` ամեն ինչ: Բայց նա հայտնվել է մի վիճակում, որ չի կարող այլևս վերահսկել: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: ԱԺ-ում ՔՊ-ի 88 մանդատն անկառավարելի գոյացություն է (Լիլիթ Մակունցը` հրեշտակի թևեր էլ ունենա, չի համախմբելու, լավագույն դեպքում ապահովելու է մասնակցությունը քվեարկությանը)` խայտաբղետ ու ապաքաղաքական: Պատահական չէր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել, որ իրական ընդդիմությունը ՔՊ-ի խորհրդարանական խմբակցության ներսում է ձևավորվելու ու քննադատվեց կուսակիցների շուրթերով: Առավել հավանական է, որ ճիշտը ոչ թե ԱԺ ապագա նախագահ Արարատ Միրզոյանն է, այլ հենց Տիգրան Ավինյանը:


Ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ապահովեց քանակ, բայց ոչ որակ: Դա ուղղվելու է ՔՊ-ի դեմ, որովհետև սկսվում է մասնագիտական ունակություններ, փորձ պահանջող, ձանձրալի ու սկանդալները բացառող աշխատանք: Սա օբյեկտիվ իրականություն է, իսկ սուբյեկտիվը… Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ ու անհավասարակշիռ բնավորությունն է, որ հաջողություն էր բերում քաղաքական ակտիվիստին, բայց անհարիր է վարչապետին: Նա այլևս չի կարող մայթերին «պառկցնել» ու պատերով տալ` մուրճն էլ է իր ձեռքին, սալն էլ: Առայժմ փաստացի նրան հաջողվել է հայ-ռուսական հարաբերությունները դարձնել խնդրահարույց` Արևմուտքի հետ հարաբերություններում ոչ մի քայլ առաջ չանելով:


«Հայաստանակենտրոնությունը» չընկալվեց ոչ Ռուսաստանում, ոչ Արևմուտքում, որովհետև հայտարարություններից զատ քայլեր չեն եղել: Բայց դա միայն Նիկոլ Փաշինյանի «ձեռքբերումը» չէ: Իրականում հայ-ռուսական հարաբերությունները միշտ են եղել խնդրահարույց, հիմա ընդամենը քողն է ընկել: ՈՒ դա անում են ոչ հայերը, այլ ռուսները (նաև` բելառուսներն ու ղազախները): Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ ռուս-հայկական հարաբերություններում վերականգնելու ոչինչ չկա ու կարևորը հարաբերությունների ժառանգորդության պահպանումն է (թարգմանաբար` Մոսկվան մտադիր չէ վերաբերմունքը փոխել Հայաստանի նկատմամբ ինչ է, թե Հայաստանում հեղափոխություն է եղել): Ավելին` նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակն է դիվանագիտական դաս տալիս Հայաստանին: Երբ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ կենսաբանական լաբորատորիաների հարցով Հայաստանի իշխանությունների հետ որևէ քննարկում չի եղել, ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան պատասխանում է` ՌԴ ԱԳ նախարարը պետությունը նկատի ուներ: Սա, մեղմ ասած, դաշնակցային վերաբերմունք չէ (եթե ոչ ապտակ է Հայաստանի իշխանությանը): ՈՒ հիմա, այս պայմաններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա` ՌԴ նախագահի հետ հանդիպման (դեկտեմբերի 25-ին Պուտինն ընդունելու է Լուկաշենկոյին` Բատկան առաջինն է գնում Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դարձնելու ու գազի սակագինն իջեցնելու հարցերը լուծելու): Երկու կողմերն էլ միայն անոնսել են հանդիպումը, որի օրակարգը հայտնի է միայն «քննարկելու ենք բոլոր խնդիրները»` Նիկոլ Փաշինյանի ձևակերպումով: Քննարկելու ու լուծելու՞ են, թե՞ տարաձայնություններն են արձանագրելու` հավարտ հանդիպման հայտարարելով հայ-ռուսական, ռուս-հայկական դարավոր բարեկամության ու ռազմավարական համագործակցության մասին: Սա է գլխավոր հարցը` Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ վերաբերմունք չի փոխել, Հայաստանը` ևս: Համենայն դեպս, արտաքին քաղաքական ռևերսներ չլինելու երաշխիքը Նիկոլ Փաշինյանը տվել է թե հեղափոխության օրերին, թե իշխանության գալուց հետո: Հետահայացը անցած կես տարվան վկայում է` սխալ է արել ու ի սկզբանե իր ձեռամբ հրաժարվել է բանակցային այլընտրանքային լծակներից, ու դա հիմա ուղղվում է իր դեմ:


Այս օրերին մամուլում քննարկվող հիմնաթեման գազի սակագինն է` կմնա՞ նույնը, կբարձրացվի՞, թե՞ կիջեցվի: Չկրկնելով շրջանառվող լուրերը, կողմ ու դեմ փաստարկները, միայն արձանագրենք` գազը Ռուսաստանի համար այլ երկրների հետ հարաբերություններում միշտ է եղել քաղաքական ու տնտեսական ճնշման գործոն: Ինչու՞ պիտի Պուտինը, որ ժամանակին շատ զարմացել էր, որ սպառողին Հայաստանում գազը հասնում է ոչ սահմանային 150 դոլար գնով, այլ համարյա եռակի բարձր (թեպետ կասկածելի զարմանք էր` իրենք հասցնում են սահման, իրենք բաշխում են երկրի ներսում), հրաժարվի Հայաստանի վրա ներգործության այդ լծակից: Հանուն ինչի՞: Ի՞նչ է փոխարենը պահանջելու: Սա է հարցը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական հմտությունները. նա ի սկզբանե հրաժարվել է այլընտրանք ունենալու տարբերակից ու հիմա պիտի խաղը տանի ոչ թե հավասար, այլ Պուտինի պայմաններով: Եվ բնավ պարտադիր չէ, որ պայմանավորվածությունը լինի հրապարակային կամ հերթական լայվով Հայաստանի հպարտ քաղաքացին իմանա ճշմարտությունը: ՈՒրեմն` ի՞նչ է փոխվել Սերժ Սարգսյանից հետո: Իսկ ի՞նչ է մեր մեջ փոխվել: Եթե փոխվեր, պիտի քննարկեինք ռուսական գազի այլընտրանքը, ոչ թե Մոսկվան էժան կտա՞, թե՞ կթանկացնի: Իրանական գազի գինը պիտի քննարկեինք, կանաչ էներգիայի 8 միլիարդ դոլարը, արևից, քամուց էլէներգիա ստանալու հնարավորությունները. առաջ նայեինք, ոչ թե նույն կետին:


Իսկ Արևմու՞տքը: Ի տարբերություն Պուտինի` Արևմուտքը ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը շտապեց շնորհավորել (ԵՄ-ի ու Պետդեպարտամենտի ուղերձներով), բայց միայն այդքանը: Տրամաբանական էր, որ թավշե հեղափոխությունից հետո Արևմուտքը պիտի փոխի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը ու դադարի Հայաստանը համարել Մոսկվայի կցորդը: Ապրիլ-մայիսին օրը երեք հայտարարություն անող Մոգերինին ու մյուսները արագ հասկացան, որ հեղափոխության էյֆորիայի մեջ էին` Հայաստանը չի փոխվում, ու… չփոխեցին վերաբերմունքը: Համենայն դեպս, ոչ թե արագացրին, այլ նույնիսկ դանդաղեցրին ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը: Մերկելի ու Մակրոնի, Բոլթոնի Հայաստան այցերից հետո էլ փոփոխություններ չեղան: Փաստացի` Արևմուտքը ևս շարունակում է նույն քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` սպասում է, որ Հայաստանն առաջին քայլն անի, ու ինքնիշխանության վերականգնումը համարում է Հայաստանի ներքին գործը: Գայթակղիչ է այդ որոշումը համարել ԵՄ-ում ներքին իրավիճակի (թե Մերկելը, թե Մակրոնը, թե Մեյը, թե Թրամփը խառն են իրենց պետություններում ծավալվող իրադարձություններով) հետևանք, որ նշանակում է` ինչ-որ ժամանակից իրավիճակ կփոխվի, բայց ռեալ պոլիտիկը վկայում է, որ Արևմուտքը Հայաստանի հարցում նույն տեսակետին է` սպասում է, որ հայտնվի արևմտամետ ուժ ու այնքան հզորանա, որ իշխանության գա, որից հետո կաջակցեն ինչպես հավասարը հավասարին: Ինչու՞ այդ վերաբերմունքը չկար Վրաստանի դեպքում, հետո` ՈՒկրաինայի: Պատասխանը գտեք ինքներդ, ի վերջո ձեր երկիրն է, դուք եք ընտրել ՔՊ-ին, ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին, դուք էլ պատասխանատու եք նրանց քայլերի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկներին հիշեցրել է, որ Սուրբ Ծննդի նպատակը նվերների փոխանակումը չէ ու տարեմուտը պերճաշուք իրադարձություն դարձնելը:
«Սուրբ Ծնունդի խորհուրդն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»` հորդորել է Հռոմի պապը: Եթե կարող եք, Աստծո անխոս ձայնը լսեք ոչ միայն Սուրբ Ծննդին, որ այսօր է սկսվել, այլև տարին 365, երբեմն 366 օր:

Դիտվել է՝ 3998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ